AM
30 July 2012 - 06:58 AMT

Ավարտվեց «Նոր ալիք» մրցույթը, հայտնի դարձան հաղթողների անունները

Ռուսաստանը ներկայացնող Նիլուն դարձավ «Նոր ալիք 2012» երիտասարդ կատարողների մրցույթի հաղթող: Մրցույթը տեղի է ունեցել լատվիական Յուրմալա քաղաքում հուլիսի 24-29-ը: Երկրորդ մրցանակին արժանացավ Իտալիան ներկայացնող Կոնստանցո Դել Պինտոն, իսկ Մարիա Յարեմչուկը Ուկրաինայից երրորդն է:

Հայաստանը մրցույթում ներկայացնում էր Սուրեն Առուստամյանը: Նա երկու մրցութային օրերի արդյունքում զբաղեցնում էր 8-րդ հորիզոնականը: «Բյուրեղապակյա ալիքի» համար պայքարում էին 16 մասնակիցներ 14 երկրներից:

2012թ. մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում էր 100 հազար եվրո և բաշխվեց հետևյալ կերպ՝ առաջին տեղ՝ 50 հազար եվրո, երկրորդ տեղ՝ 30 հազար եվրո և երրորդ տեղ՝ 20 հազար եվրո:

Տարբեր տարիներին Հայաստանը մրցույթում ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլք:

2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: