AM
30 Հուլիս 2012 - 12:51 AMT

Այս տարի կանցկացվի նոր` «1988» խորագրով ստեղծագործական պատմվածքի մրցույթ

Սոցիալ-մշակութային իննովացիաների հիմնադրամը հայտարարում է «1988» խորագրով ստեղծագործական պատմվածքի մրցույթ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ, պատմվածքի տեքստը պետք է լինի 10.000 բառի սահմանում, և ներկայացվի մինչև 2012թ. հոկտեմբերի 1-ը: Այն անցկացվելու է առաջին անգամ:

«Մրցույթի նպատակը Հայաստանում սոցիալական, մշակութային իննովացիաներին զարկ տալն է: Շատ է խոսվել այդ մասին, բայց մինչ օրս գործնական քայլերի պակաս է զգացվել: Հիմա մենք փորձում ենք այդ իննովացիոն դաշտի պակասը լրացնել ու նաև հաշվի ենք առնելու մեր առանձնահատկություններն ու միջազգային փորձը»,-ասաց Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է մրցույթի խորագրին, ապա այն, տնօրենի փոխանցմամբ ծանր տարիների հետ է կապված` երկրաշարժ, Սումգայիթի ողբերգություն, էկոլոգիական խնդիրներ և այլն, սակայն դա չի խանգարում, որ, պատմվածքը լինի, օրինակ` սիրո մասին:

Մրցույթի հաղթողներին որոշելու է արվեստագետներից ու գրականագետներից բաղկացած ժյուրին, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում: Հաղթողներին տրվելու են դրամական պարգևներ: Պատմվածքները թեմատիկ և ոճական սահմանափակումներ չեն ունենա, և, Հովհաննիսյանի խոսքով, բոլորն էլ կուսումնասիրվեն ժյուրիի կողմից:

Մրցանակաբաշխությունը, հավանաբար, կանցկացվի հայտերի ընդունման վերջնաժամկետից մեկ ամիս անց: