AM
31 Հուլիս 2012 - 09:22 AMT

Ուսուցիչները, հայ եկեղեցու պատմություն դասավանդելով, խախտո՞ւմ են միջազգային և Հայաստանի օրենքները

Լույս է տեսել «Կրոնական կրթության խնդիրները Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում» ուսումնասիրությունը, որի հեղինակներն են Ստեփան Դանիելյանը, Արա Ղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Արթուր Ավթանդիլյանը: Աշխատության համար հեղինակներն ուսումնասիրել են չորս մարզերի` Երևանի, Լոռու, Շիրակի և Սյունիքի դպրոցներ, հարցումներ արել կրոնի դասավանդման մասնագետների, եկեղեցու ներկայացուցիչների շրջանում: Հեղինակներից Արթուր Ավթանդիլյանը, ով անցկացրել է այդ հարցազրույցները աշակերտների, նրանց ծնողների հետ, նշեց, որ մարզերում իրավիճակը և բացթողումներն իրար նման են: Խոսքը վերաբերում է կրոնական քարոզչությանը և այլ պատկանող կրոնի երեխաների դեմ ուղղված խտրականությունը:

Ըստ հեղինակների, գործող դասագրքերում խնդրահարույց են ոչ միայն զուտ բովանդակային խնդիրները` կապված կրոնական հանդուրժողականության սկզբունքի հետ, այլև պատմական փաստերի, դրանց մեկնաբանության խնդիրները, որոնց պետք է անդրադառնան արդեն հմուտ պատմաբանները:

Ուսումնասիրության նպատակը Հայաստանի Հանրապետության դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մոնիտորինգի իրականացումն է, որի համար ուսումնասիրվել է կրոնի և հավատի ուսուցման ներպետական օրենսդրական բազան, դասագրքերի բովանդակությունը, դասավանդման մեթոդաբանությունը: Լայնորեն օգտագործվել են միջազգային իրավական փաստաթղթերը և հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները: Եղել են այցելություններ դպրոցներ և վերցվել հարցազրույցներ ուսուցիչներից, դպրոցների տնօրեններից, կրթության պատասխանատուներից: Այդ ամենը վերլուծվել է սույն փաստաթղթում:

Գրքում զետեղված են 250 հղումներ, որոնց մեծ մասը մեջբերումներ են հարցազրույցներից:

Հետազոտությունը պատրաստել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը, ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակում:

Հեղինակները նշում են, որ ուսուցիչները քարոզում են կրոնը, որով խախտում է միջազգային և Հայաստանի օրենքները:

Աշխատությունը ստեղծված է Թոլեդոյի ուղեցուցային սկզբունքներին համապատասխան: