AM
31 Հուլիս 2012 - 10:35 AMT

Օգոստոսին Արևորդիների 2 ֆիլմեր կցուցադրվեն չինական փառատոնում

Գերմանական հայտնի NaturVision միջազգային բնապահպանական կինոփառատոնում «Մանուկների կողմից ստեղծված ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակը ստացած «SOS Սևան» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը նկարահանվել է Նորատուսի «Արևորդի» էկոակումբի 3 սաների նախաձեռնությամբ: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Արևորդի» բնապահպանական-կրթական ծրագրի ղեկավար Բարբարա Զիբերթը, այդ մրցանակը իրենց ձեռնարկած կրթական ծրագրի ևս մեկ հաջողությունն է:

«Փառատոնի ժյուրին նշել է, որ ֆիլմում Սևանի բնապահպանական խնդիրները ներկայացված են կրթական և միաժամանակ շատ իրական ոճով: Երեխաներն իսկապես սրտացավ են մոտեցել խնդրին»,- նշեց նա` հավելելով, որ ծրագրի իրականացումն ու, մասնավորապես, ֆիլմի նկարահանումը տեղի չէր ունենա առանց հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության:

Ֆիլմի օպերատոր Գևորգ Գասպարյանն իր հերթին նշեց, որ այն նկարահանվել է երկու փուլով. յուրաքանչյուր փուլում նա և Նորատուսի «Արևորդի» էկոակումբի 3 սաները շրջել են Սևանի տարածքով, նկարահանել արձանագրված խախտումներն ու փորձել պարզել լճի հետ կապված խնդիրների պատճառները:

«SOS Սևան» վավերագրական ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2011թ. հայաստանյան Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնում և արժանացել առաջին մրցանակին «Երեխաների ֆիլմեր» անվանակարգում:

Արդեն երկրորդ անգամն է, որ FPWC-ի և «Արևորդի» էկոակումբի կողմից ստեղծված ֆիլմը մրցանակ է ստանում NaturVision փառատոնում: 2011թ. Երևանի Արևորդիների կողմից նկարահանված «Ես համաձայն չեմ» ֆիլմը զբաղեցրեց երկրորդ տեղը փառատոնի «Սիրողական ֆիլմեր» անվանակարգում:

Օգոստոսին Արևորդիների ևս երկու ֆիլմեր կցուցադրվեն Չինաստանում «Յա’ան կենդանիների և բնության միջազգային փառատոնում»: