AM
1 Օգոստոս 2012 - 07:02 AMT

Օգոստոսի 10-ին «Հայաստանի Փոքրիկ Երգիչները» ելույթ կունենան Տոկիոյի աշխարհահռչակ Opera City դահլիճում

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային 40-օրյա շրջագայությունը Ճապոնիայի քաղաքներում:

2001թ. Եվրոպական Երգչախմբային Ֆեդերացիայի կողմից Մշակույթի Դեսպանի տիտղոսին, ապա 2002-ին Աշխարհի լավագույն մանկական երգչախմբի կոչմանն արժանացած մեր հայ մանուկների խումբն այս անգամ Ծագող արևի երկրում է կատարում հայ արվեստը տարածելու իր առաքելությունը:

Նախատեսված 18 համերգների մեծ մասն արդեն կայացել է: Դահլիճները լեփ-լեցուն են, իսկ զուսպ ճապոնացիները հայ երգչախմբին ծափահարում են հոտնկայս:

Դասական, ժամանակակից, հայ հոգևոր, ժողովրդական, ջազային ստեղծագործություններից զատ Տիգրան Հեքեքյանը երգչախմբի երգացանկում ընդգրկել է մեծ թվով ճապոնական գործեր, որոնք առավելագույն ոգևորությամբ են ընդունվում: Երգչախմբին անհամբեր սպասում են մյուս քաղաքներում: Նագոյա քաղաքի Աիչի Մշակութային կենտրոնի և Օսակայի Սիմֆոնիկ համերգասրահներում տոմսերն արդեն սպառվել են:

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի համբավն այնքան մեծ է, որ ճապոնացի ընտանիքները, սեփական քաղաքում համերգի տոմս չկարողանալով ձեռք բերել, ճանապարհ են կտրում, հասնում այլ քաղաք` հայ երեխաներին ունկնդրելու համար: Սապորո քաղաքի Նակայիմա երգչախմբի խմբավար Սահոկո Սաիտոն որոշել են իրենց առաջիկա մրցույթում կատարել «Ապարան» ստեղծագործությունը:

Օգոստոսի 10-ին «Հայաստանի Փոքրիկ Երգիչները» ելույթ կունենան Տոկիոյի աշխարհահռչակ Opera City դահլիճում: