«Հայոց աշխարհ» օրաթերթի տեղեկություններով «Արմավիա» ավիաընկերությունում պայմանագրային հիմունքներով աշխատող չեխ օդաչուները հրաժարվում են թռչել Սիրիա, քանի որ Չեխիայի արտգործնախարարությունը հորդորել է իր երկրի քաղաքացիներին զերծ մնալ հակամարտության օջախներ այցելելուց: Թերթը գրում է, որ դեպի Սիրիա թռիչքներն իրականացնում են բացառապես հայ օդաչուները: Թերթը նաև գրում է, որ դատելով ներկա իրավիճակից, «Զվարթնոցը» դժգոհ է մնացել «Արմավիայի» հետ ձեռք բերված պայմանավորվածություններից: Թերթը պատահական չի համարում այն հանգամանքը, որ ավիաընկերության կողմից պարտքերի մարման ամենաչնչին ուշացմանը «Զվարթնոցը» պատասխանում է կոշտ գործողություններով`ստեղծելով արհեստական քաշքշուկներ, թռիչքների ուշացումներ, ինչից տուժում են ուղևորները:
Հիշեցնենք, որ «Արմավիան» պահանջում էր «Զվարթնոցից» իջեցնել օդանավակայանի մատուցած ծառայությունների գները, որոնք ամենաթանկն են ոչ միայն Կովկասում, այլև ԱՊՀ-ի և միջին Արրևելքի տարածքում:






