AM
2 August 2012 - 11:04 AMT

Տխրահռչակ «Մռայլ ասպետ. լեգենդի վերածնունդը» ֆիլմը օգոստոսի 10-ից կցուցադրվի Երևանում

Օգոստոսին հայ հանդիսատեսը «Մոսկվա» կինոթատրոնում հնարավորություն կունենա դիտելու երեք նոր ֆիլմեր: Օգոստոսի 10-ից կցուցադրվի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Մռայլ ասպետ. լեգենդի վերածնունդը» ֆիլմը: Այն Բետմենի մասին պատմող եռամասի երրորդ ֆիլմն է «Բետմեն: Սկիզբ» (2005) և «Մռայլ ասպետ» (2008) ժապավեններից հետո: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2012թ. հուլիսի 20-ին ԱՄՆ-ում: Ֆիլմը վատ համբավ ձեռք բերեց այն բանից հետո, երբ ամերիկյան պրեմիերայի օրը Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում ֆիլմի ցուցադրության ժամանակ Ջեյմս Հոլմս անունով չարագործը պահեստային մուտքով ներխուժեց դահլիճ, արցունքաբեր գազ արձակեց և ապա կրակ բացեց: Արդյունքում 13 հոգի զոհվեց, ավելի քան 50-ը վիրավորվեցին:

Օգոստոսի 16-ից Մոսկվա» կինոթատրոնում կարելի է դիտել նաև «Անզսպելիները 2» ֆիլմը` Սիլվեստր Ստալլոնեի «Անզսպելիները» մարտաֆիլմի շարունակությունը: Ֆիլմի դերասանական կազմը կրկին աստղային է` Սիլվեստր Ստալլոնե, Ժան-Կլոդ Վան Դամ, Ջեյսոն Ստետհեմ, Դոլֆ Լունդգրեն, Չակ Նորիս, Բրյուս Ուիլիս, Առնոլդ Շվարցնեգեր և այլք: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա վաղը` օգոստոսի 3-ին:

Օգոստոսի երրորդ նորույթը կլինի «Պիրանյաներ 3D» սարսափ-կոմեդիան, որը «Մոսկվա» կինոթատրոնում նախնական տվյալներով կցուցադրվի օգոստոսի 24-ից: 1978թ. համանուն ֆիլմի ռիմեյքի համաշխարհային պրեմիերան կայացել է 2010թ. օգոստոսի 20-ին ԱՄՆ-ում: «Սև» կոմեդիայի կարգախոսն է. «Այս ամառ 3D-ն ցույց կտա իր ատամները»: