AM
3 August 2012 - 09:56 AMT

Ռուսական արվեստի թանգարանում կնշեն Մարկ Շագալի ծննդյան 125-ամյակը

Оգոստոսի 4-ին, ժամը 17:00-ին, Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (Ա. Աբրահամյանի հավաքածու) կկայանա գրական-երաժշտական երեկո նվիրված Մարկ Շագալի ծննդյան 125-ամյակին: Ռուսական արվեստի թանգարանը երեկոյին կներկայացնի մեծանուն նկարչի «Իմ կյանքը» գրքից հատվածներ և բանաստեղծություններ, որոնք կհնչեն ասմունքող Աննա Միքայելյանի կատարմամբ: Երեկոյի գրական հատվածը կուղեկցվի Մարկ Շագալի կյանքի և ստեղծագործության մասին պատմող տեսաֆիլմով: Ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսորն է «Մենորա» հրեական մշակույթի կենտրոնի փոխնախագահ Արմեն Արնաուտովը: Ֆիլմում հնչող երաժշտությունը ՀՀ վաստակավոր գործիչ Վիլլի Վայներինն է, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:

Դեռևս անցյալ դարի սկզբում Մարկ Շագալի ստեղծագործությունները եվրոպական արվեստում գնահատվում էին որպես յուրահատուկ երևույթ, իսկ այսօր այն իր հաստատուն տեղն է գրավել համաշխարհային արվեստի պատմության էջերում: Մարկ Շագալի ստեղծագործություններն աչքի են ընկնում նուրբ գեղագունությամբ, նկարչի վառ երևակայությամբ ստեղծված հմայիչ կերպարներով և զարմանալի, միայն իրեն հատուկ գրավիչ միջավայրով: Ժամանակի տարբեր ոճերն ու ուղղությունները միավորող գեղանկարներից, գրաֆիկական աշխատանքներից, վիտրաժներից և նկարազարդումներից բացի մեծ նկարիչն իր կյանքի ընթացքում զբաղվել է նաև գրական գործունեությամբ` հեղինակելով բազմաթիվ բանաստեղծություններ, հրապարակախոսական էսսեներ, հուշգրություններ: