Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումները բացահայտելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը: Նրա խոսքերով, վերջին օրերին մի շարք ընտրատեղամասերում անցկացվող ձայների վերահաշվարկը «այն տարրերից մեկն է, որը կարող է ապացուցել իշխանությունների քաղաքական կամքի առկայությունը` գոյություն ունեցող խնդիրների լուծման համար»: Դեսպանը կարծիք է հայտնել, որ հաջորդ քայլերը պետք է լինեն խախտումներ իրականացնողներին պատժելը, Հայաստանի ընտրական օրենսգրքում «բացթողումների» վերացումը եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նմանատիպ խախտումների բացառումը: «Դեռեւս ընտրություններից առաջ մենք կարծիք էինք հայտնել, որ Հայաստանը հնարավորություններ ունի անցկացնել ընտրություններ ավելի բարձր մակարդակով, քան տարածաշրջանի մյուս երկրները: Գուցե հենց այդ ակնկալիքները նման խորը հիասթափության պատճառ դարձան», – ասել է Ջոն Օրդուէյը: