AM
6 Օգոստոս 2012 - 06:47 AMT

Երգիչ Ֆորշը և ջութակահարուհի Սոնա Ազարյանը համերգով հանդես կգան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Օգոստոսի 8-ին` ժամը 20:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի դասական երաժշտության համերգաշարի շրջանակում կենտրոնի համերգասրահում տեղի կունենա երգիչ Ֆորշի և ջութակահարուհի Սոնա Ազարյանի «Կոմիտաս-Ջազ» համերգը` «Ռե մինոր» համույթի հետ համատեղ:

Ինչպես նշվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ, կոմպոզիտոր և երգիչ Ֆորշի և միջազգային մրցույթների դափնեկիր, Յուրի Բաշմետի ղեկավարած «Новая Россия» սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, ջութակահարուհի Սոնա Ազարյանի ստեղծագործական համագործակցությունը սկիզբ է առել դեպի հայ ժողովրդի իրական արժեքը` Կոմիտասի թողած երաժշտական ժառանգությունը ունեցած երկարատև և անկեղծ սիրո հիման վրա:

Հայաստանում և Ռուսաստանում հայտնի դաշնակահար Մադատ Ավանեսովի հետ միասին նրանք ընտրել են Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը, որոնք լարային քառյակի համար Ս. Ասլամազյանի կատարած մշակումներով և Գուրգեն Ամիրյանի (բաս-կիթառ) և Ալեքսանդր Գրիգորյանի (հարվածային գործիքներ) մասնակցությամբ ձեռք են բերել հայկական ֆոլկ-ջազ երաժշտության իսկական գոհարների փայլ: Դասական և ջազային գործիքների ուղեկցությամբ կհնչեն նաև Կոմիտասի երգերի տեքստերը, որոնցից մի քանիսի հեղինակն է Հովհաննես Թումանյանը` ընդգծելով որոշ մանրանվագների պարայնությունը, իսկ մյուսների` բալլադային էպիկական բնույթը:

Լարային քառյակի կազմում են հայ դասական հայտնի երաժիշտներ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Պետական Ֆիլարմոնիկ նվագախմբի մենակատարներ Տաթևիկ Մկրտումյանը (ջութակ), Ռուբեն Ադամյանը (ալտ) և Աննա Հարությունյանը (թավջութակ):