AM
6 Օգոստոս 2012 - 10:18 AMT

Արման Մխիթարյան. ԱՍԱԼԱ-ի գործողությունները պետք է տեղ գտնեն հայոց պատմության դասագրքերում

ԱՍԱԼԱ-ի գործողությունները պետք է տեղ գտնեն հայոց պատմության դասագրքերում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Նախնյաց հետքերով» հասարակական կազմակերպության նախագահ Արման Մխիթարյանը: Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները նպատակահարմար չեն գտնում պատմության դասագրքերում ներկայացնել այդ իրադարձությունները, քանի որ մի շարք միջազգային կազմակերպություններ ԱՍԱԼԱ-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն:

«ԱՍԱԼԱ-ն միշտ պատժել է կոնկրետ անձանց, կոնկրետ մեղավորների և երբեք անմեղ զոհերի պատճառ չի դարձել: ԱՍԱԼԱ-ի գործունեությունը պատասխան էր հայ ժողովրդի հանդեպ թուրքական ահաբեկչությանը, դա հակաահաբեկչություն էր»,- նշեց Մխիթարյանը` հավելելով, որ դրա հետ մեկտեղ ԱՍԱԼԱ-ի զոհված անդամները թաղված են Եռաբլուրում, ինչը վկայում է, որ պետությունը, այնուամենայնիվ, կազմակերպության անդամներին համարում է ոչ թե ահաբեկիչ, այլ մարտիկ:

Օգոստոսի 7-ը նշվում է որպես ԱՍԱԼԱ-ի զոհերի հիշատակի օր: Այդ օրը` ժամը 17:00-ին, զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցվի Եռաբլուրում: