Արդեն մեկ ամիս է, ինչ մեկնարկել են Թբիլիսիի Սբ. Նշան հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: «Վերականգնողական աշխատանքների շրջանակում Սերեբրյանայա փողոցում գտնվող եկեղեցին կամրացվի, կիրականացվեն ներքին նորոգումներ, և վերջնական արդյունքում կվերականգնվի նաև մայիսին փլուզված զանգակատունը»,- հաղորդեց նա` հավելելով, որ եկեղեցու ճարտարապետական և մշակութային նշանակություն ունեցող դրվագներն առանձնացվել և հատուկ խնամքով պահվում են` հետագայում կիրառվելու և եկեղեցու վերջնական տեսքը ձևավորելու համար:
Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքներին մասնակցում են Վրաստանի հուշարձանների պահպանության գործակալության մասնագետները, որոնք ամբողջովին վերահսկում են իրավիճակը, որպեսզի նախանշված պլանից որևէ շեղում տեղի չունենա:
Մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը փլուզվել էր Թբիլիսիի Սբ.Նշան եկեղեցուն կից զանգակատունը: Փլուզման պատճառ էին հանդիսացել տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերն ու Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևները: