Այսօր՝ օգոստոսի 6-ին, 13 երիտասարդ երաժիշտներ Հայաստանից, Ադրբեջանից և Ալանդյան կղզիներից մեկ շաբաթ միասին նվագելու, երաժշտական փորձը փոխանակելու նպատակով հանդիպելու են Ալանդյան կղզիներում:
Նրանք միասին մասնակցելու են դասընթացների, քննարկումների, կատարելու են երաժշտական վարժություններ և զբաղվելու են փորձարարությամբ: Օգոստոսի 10-ին երաժիշտները բացառիկ, փորձարարական համերգով ելույթ են ունենալու Մարիեհամնի հրապարակում` «Խաղաղության ձայները» համերգով:
Բացօթյա համերգը կազմակերպվելու է Ալանդյան կղզիների խաղաղության ինստիտուտի հոբելյանական ծրագրի շրջանակում, որի առաքելությունը վերջին 20 տարիների ընթացքում խաղաղության տարածումն ու հաստատումն է:
Մասնակիցների երգացանկն ընդգրկելու է ջազային, ժողովրդական և այլ կատարումներ: Նրանցից շատերն իրենց հայրենիքում հայտնի և պրոֆեսիոնալ դասական և ազգային նվագարանների կատարողներ են:
Ալանդյան կղզիները ներկայացնելու է WhatClub խումբը: Համերգը բացելու է «Խաղաղության կղզիներ» փառատոնը, որը համանուն նախագծի մի մասն է:
Նախագիծը ստեղծվել է Հայաստանում գործող Հանրային լրագրության ակումբի, «Ինտերնյուս» կազմակերպության ադրբեջանական գրասենյակի և Ուփսալայի Արտաքին քաղաքականության ասոցիացիայի համագործակցությամբ: Այն ֆինանսավորվում է Եվրամիության՝ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի, Ֆինլանդիայում գործող CIMO (ակտիվության միջազգային կենտրոն) և Շվեդիայի մշակութային հիմնադրամի կողմից:
Ալանդյան կղզիները գտնվում են Բալթիկ ծովում: Այն շվեդներով բնակեցված ինքնավարություն է Ֆինլանդիայի կազմում: Կղզիների բնակչությունը կազմում է մոտ 28.300 մարդ, միակ քաղաքն է Մարիեհամնը:






