«Սպեղանի» երգչախումբը Վիեննայում մասնակցել է Համաշխարհային խաղաղության փառատոնին: Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը կայացած փառատոնին մասնակցել են Չինաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ավստրիայի և Էստոնիայի երգչախմբերը: Փառատոնին երգչախումբը ներկայացրել է Կոմիտասի շարականները, Վ. Շարաֆյանի և Ե. Երկանյանի ստեղծագործությունները: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, ելույթ ունենալով Վիեննայի լավագույն համերգային բեմահարթակներում` քաղաքապետարանում, Շյոնբրունում, Վիեննայի ՄԱԿ-ի կենտրոնակայանում և Եվրոպայում ամենահայտնի երաժշտական սրահներից մեկում` «Մյուզիկֆերայնում», «Սպեղանի» երգչախումբն իր բարձր կատարողական վարպետության և ինքնատիպության շնորհիվ արժանացել է փառատոնի ժյուրիի հիացմունքին և բարձր գնահատականին: Հայկական երգչախմբին շնորհվել է հատուկ մրցանակ: Այնուհետև, «Սպեղանի» երգչախումբն առանձին համերգ է ունեցել Հունգարիայի Դյոր քաղաքի թանգարանի սրահում:
Հյուրախաղերն իրականացել են ՀՀ մշակույթի նախարարության, Վիեննայում ՀՀ դեսպանության, Ավստրիայում Հայ բարեգործական ընդհանուր միության, Վիեննայի Հայ Առաքելական եկեղեցական վարչության աջակցությամբ:






