Նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների քննադատական դիտողությունները չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Երեւանի դիրքորոշման վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` «Հայաստանը հստակ ձեւավորել է իր դիրքորոշումը բանակցային գործընթացում եւ մենք հավատարիմ ենք մնալու դրան առաջիկա հինգ տարիների ընթացքում»: «Ես երբեք չեմ եղել եւ չեմ դառնա կոմպլեքսավորված նախագահ»,- նշել է Հայաստանի նախագահը` մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի ղեկավարության վրա միջազգային միջնորդների կողմից ճնշում գործադրելու հնարավորությունը: