Օգոստոսի 8-ից դասական երաժշտության սիրահարներին հասանելի կլինի հայազգի անվանի թավջութակահար Լևոն Մուրադյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի համատեղ «ՅԱՆ» ձայնասկավառակը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին փոխանցեց Հայկ Մելիքյանի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը, 2012 թ-ի հունիսին Լիսաբոնից Երևան էր ժամանել Լևոն Մուրադյանը` դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ համատեղ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրման համար:
«Ունեինք երկու շաբաթ, որպեսզի ձայնագրեինք այս սկավառակը: Ուղղակի մեծ բավականություն էր համագործակցել խորը երաժշտի` Լևոն Մուրադյանի հետ: Կարծում եմ, «ՅԱՆ» ձայնասկավառակը պատվով ենք ներկայացնելու համայն աշխարհին` հայ երաժշտության և ներկայացվող կոմպոզիտորների երաժշտության բացառիկ ձեռագրերի ներքո»,- ասում է Հայկ Մելիքյանը: «ՅԱՆ»-ում ներառված են հայ չորս ամենաակնառու կոմպոզիտորների` Հարություն Դելլալյանի, Կարեն Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի թիվ 2 և Ավետ Տերտերյանի սոնատները:
Սկավառակի ծանուցագիրը հեղինակել է արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Արաքսի Սարյանը:






