AM
12 March 2003 - 15:42 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԸՆԿԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները գնահատել է բավարար: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում նշել է Ռ. Քոչարյանը, համենայն դեպս եղել է հնարավորություն հասնել ավելի լավ արդյունքների: Բայց եւ այնպես, նրա խոսքերով, ընտրությունների արդյունքները համապատասխանել են մասնագետների կանխատեսումներին: Ինչպես նշել է նախագահը, տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են կազմակերպված: Նա նշել է, որ դիտորդները նույնպիսի գնահատական են տվել նաեւ 1998 թվականի նախագահական ընտրություններին: Սակայն, Ռ. Քոչարյանի խոսքերով, դիտորդական առաքելություններն այս անգամ ավելի խստապահանջ էին, եւ մանրամասնորեն էին ուսումնասիրում այդ գործընթացը: Նրա խոսքերով` եթե համեմատենք Հայաստանի ընտրությունները Եվրոպայի երկրների հետ, ապա դրանք, բնականաբար, չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Սակայն, Ռ. Քոչարյանի կարծիքով այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել, որ «անկախ Հայաստանն ընդամենը 12 տարեկան է եւ նոր է կանգնել եվրոպական կառույցների հետ ինտեգրացման ուղու վրա»: