«Նավասարդ-Թոնրատուն» փառատոնը Ծաղկունք գյուղում մեծ տոն կդառնա գյուղացիների համար: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում պատմեց «Դար» հիմնադրամի նախագահ Տիգրան Հակոբյանը, «Նավասարդ-Թոնրատուն» փառատոնի համար ընտրվել է Ծաղկունք գյուղը, քանի որ այն բավական խուլ վայրում է գտնվում, և բնակիչները հնարավորություն կստանան հաղորդակցվելու այլ քաղաքների և գյուղերի բնակչության հետ և իրենց մասնակցությունը բերել փառատոնին: «Գյուղում նաև վերջերս եկեղեցի է կառուցվել և սքանչելի բնություն է, որը շատ հարմար է այդ գեղեցիկ տոնակատարության համար»,- հավելեց նա:
Ծաղկունք գյուղում անցկացվելիք փառատոնը նվիրված է նաև Հայ գրատպության 500-ամյակին, ուստի փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հայ գրատպության պատմությանը նվիրված դասախոսություն: Կցուցադրվեն նաև երեք փաստագրական ֆիլմեր` «Տիգրան Մեծ», «Նեմրութ» և ժայռապատկերների պատկերագրությանը նվիրված ֆիլմ: Փառատոնի շրջանակում նախատեսված է նաև տոնական համերգ, իսկ գյուղի դպրոցականները Նավասարդյան խաղեր կանցկացնեն:
Փառատոնին մասնակցում են ազգագրական համույթներ, մարզական ու մշակութային կազմակերպություններ: Փառատոնի հովանավորը «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամն է:






