AM
9 August 2012 - 10:51 AMT

Հայաստանի երիտասարդական նվագախմբի 10 երաժիշտներ կմասնակցեն I, CULTURE Orchestra նախագծին

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) 10 երաժիշտներ` 7 ջութակահար, 2 ալտահար և 1 գալարափող կմասնակցեն I, CULTURE Orchestra դասական երաժշտական նախագծին: Ինչպես հայտնում է նվագախմբի մամլո ծառայությունը, համերգային շրջագայությունը տեղի կունենա օգոստոսի 24-ից-սեպտեմբերի 2-ը` Լուբլինում, Վարշավայում, Մինսկում, Կիևում, Քիշնևում, Թբիլիսիում և Բաքվում:

Նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին, որ հայ երաժիշտները կլինեն բոլոր քաղաքներում, այդ թվում և Բաքվում: Բացի այդ, նվագախումբը կփորձի անել հնարավորինս, որպեսզի ծրագիրը եկող տարի կայանա նաև Երևանում:

I, CULTURE Orchestra –ն ստեղծվել է 2011թ-ին Ադամ Միցկևիչի համալսարանի կողմից` որպես Եվրոպական միության խորհրդում Լեհաստանի նախագահության մշակութային ծրագրի առանցքային տարրերից մեկը: Նևիլ Մարիների և Պավել Կոտլիի ղեկավարությամբ նվագախումբը ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկi, Բրյուսելի Թագավորական Կոնսերվատորիայում, Լոնդոնի Թագավորական փառատոնի սրահում, Մադրիդի «Ռեալ» թատրոնում:

«Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում I, CULTURE Orchestra նախագիծը հանդիպման, շփման և փորձի փոխանակման հիանալի հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Վրաստանի, Մոլդովայի, Լեհաստանի և Ուկրաինայի երիտասարդ երաժիշտներին:

Լուբլինում երկու շաբաթ տևող միջոցառումներն իրենց մեջ ներառում են վարպետության դասեր աշխարհի առաջատար նվագախմբերի Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների կողմից:

I, CULTURE Orchestra-ն կղեկավարի Վենեսուելայից ժամանած ականավոր դիրիժոր Իլյիչ Ռիվասը: