AM
11 Օգոստոս 2012 - 06:45 AMT

Տեղի է ունեցել քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողովի առաջին նիստը

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, մայրաքաղաքի կառուցապատման և առանձին կարևորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում Երևանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողով:

Ինիպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, հանձնաժողովի կազմում ընդգրկված են մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների, ինչպես նաև երիտասարդական հասարակական և հոգևոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Տարոն Մարգարյանը նշել է, որ հանձնաժողովի անդամներից ակնկալում է ակտիվ մասնակցություն և նոր ենթաճյուղերի ձևավորում բուհերում և կազմակերպություններում` ընդգրկելով երիտասարդության առավել լայն շերտեր, ինչը կապահովի մայրաքաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ երիտասարդության տեսակետների և առաջարկների առավել ամբողջական դիրքորոշումը:

«Եթե նախկինում քաղաքաշինական խորհրդում ընդգրկված էին միայն ճարտարապետներ, ապա այսօր ձևավորված է 6 հանձնաժողով, այդ թվում նաև ձեր հանձնաժողովը, և վստահ եմ, որ այդ հաձնաժողովներից յուրաքանչյուրն իր լուրջ դերակատարումը կունենա համաքաղաքային նշանակության ծրագրերն առավել համակողմանի դիտարկելու և դրանք կյանքի կոչելու հարցում»,-ասել է քաղաքապետը: