AM
14 Օգոստոս 2012 - 13:45 AMT

Գանձասարի պարսպի հետագա ճակատագիրը կորոշի նորաստեղծ հանձնաժողովը

Գանձասարի պարսպի հետագա ճակատագիրը կորոշի նորաստեղծ հանձնաժողովը: Այդ մասին PaնARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը: Նա հաղորդեց, որ հանձնաժողովը ստեղծվել է ԼՂՀ կառավարության կողմից և կորոշի Գանձասարի վանական համալիրի երեսպատված պարսպի հետագա ճակատագիրը:

PanARMENIAN.Net-ը փորձեց մանրամասներ ճշտել ԼՂՀ կառավարությունից, սակայն գործադիր մարմնի մամլո պատասխանատուն, տեղյակ չլինելով հանձնաժողովի ստեղծման փաստի մասին, չկարողացավ պատասխանել գործակալության հարցերին:

2011թ. հուլիսին հայտնի դարձավ Գանձասարի վանական համալիրը շրջափակող պարիսպը սալիկներով երեսպատելու մասին: Facebook սոցիալական ցանցում մեծ աղմուկ բարձրացավ այդ գործընթացը փաստող նկարների տեղադրումից հետո և տարածվեց բլոգերների շրջանակներում: Այն արվեստասերների շրջանակներում արժանացավ բազմաթիվ դժգոհությունների և բացասական կարծիքների: Իրենց բացասական դիրքորոշումը հայտնեցին նաև Լեռնային Ղարաբաղի պատկան մարմինները` նշելով, որ երեսպատման թույլտվություն ոչ մեկ չի տվել: Արդյունքում երեսպատումը դադարեցվեց, սակայն մինչև վերջերս կատարված երեսպատումը հեռացնելու կամ ավարտին հասցնելու ուղղությամբ որևէ քայլեր չէին ձեռնարկվել: