AM
14 Օգոստոս 2012 - 16:53 AMT

Նարեկացի արվեստի միությունում մեկնարկեց «Տիկնիկային աշխարհը Նարեկացիում» միջոցառումների շարքը

Այսօր՝ օգոստոսի14-ին, Նարեկացի արվեստի միությունում մեկնարկեց «Տիկնիկային աշխարհը Նարեկացիում» միջոցառումների հատուկ շարքը:

Շարքի շրջանակում բացվեց տիկնիկային թատերարվեստի նմուշների ցուցահանդես՝ ժամանակի ամենահայտնի նկարիչ-տիկնիկագործներ Քնարիկ Հարությունյանի, Անահիտ Պողոսյանի, Լուսիկ Ագուլեցու, Ժաննա Դավթյանի և Գեղամ Գուլիկյանի մասնակցությամբ: Ներկայացվեցին ազգային, ծիսական, հեքիաթի կերպարներ և դիմակներ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 22-ը:

«Տիկնիկային աշխարհը Նարեկացիում» միջոցառումների շարքի բացումը մեկնարկեց տիկնիկային ներկայացմամբ: Ներկայացումը բեմադրվել է Վրաստանից ժամանած ականավոր տիկնիկագործ Ժաննա Դավթյանի կողմից և հանրությանը ներկայացվեց իր և թոռնիկի՝ Սանդրա Դավթյանի կատարմամբ:

Ինչպես ներկայացումից առաջ նշեց Նարեկացի արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանը, տիկնիկային աշխարհը բոլորովին այլ է, հեքիաթային ու միևնույն ժամանակ շատ երկրային:

«Տիկնիկային աշխարհը Նարեկացիում» միջոցառումների հատուկ շարքի շրջանակում Ժաննա Դավթյանի բեմադրությունը հանրությանը կներկայացվի նաև վաղը՝ օգոստոսի 15-ին, իսկ օգոստոսի 16-ին ՆԱՄ-ում կցուցադրվի Ժաննա Դավթյանի կյանքի և գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմ:

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: