AM
16 Օգոստոս 2012 - 10:07 AMT

Շառլ Ազնավուրը ժամանեց Թբիլիսի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրավերով Վրաստանում հյուրընկալվող ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ախալցխա ուղևորվելու նախորդ օրը Թբիլիսիում այցելեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սուրբ Էջմիածին տաճարը: Այդ մասին հաղորդում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ երգչին եկեղեցու բակում դիմավորեցին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հայ հոգևոր դասը, թբիլիսահայ հասարակայնությունը: Հինավուրց եկեղեցու ներսում բարի կամքի դեսպանը վիրահայոց առաջնորդի ուղեկցությամբ աղոթք բարձրացրեց Հայաստան և Վրաստան աշխարհների բարեկամության և աշխարհասփյուռ հայության միասնության աղերսով:

Այնուհետև Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում կայացավ Շառլ Ազնավուրի հանդիպումը թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով մեծ մարդասերին և բարեգործին` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հավաստեց այն սերն ու հարգանքը, որ տածում է թբիլիսահայությունը իր հայրենակցի նկատմամբ: Դեսպանն ակնածանքով հիշեց այն ջերմությունը, որով մեկ տարի առաջ տեղի հայությունը հայոց եկեղեցում դիմավորել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Երկրորդին և այսօր հանդիպում է աշխարհահռչակ հայ երգչի հետ: «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիյանը Շառլ Ազնավուրին և ֆրանսիացի հյուրերին ներկայացրեց կենտրոնի ծավալած գործունեությունը:

Մեծ ազգասերին իրենց ստեղծագործությունները նվիրեցին թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը, խեցեգործ Լևոն Օսիպովը, երաժիշտ Լևոն Շահբազյանը:

Երեկոյան ի պատիվ ֆրանսահայ շանսոնյեի Վրաստանում ՀՀ դեսպանության անունից տրվեց պաշտոնական ընթրիք:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրավերով Վրաստան ժամանած Շառլ Ազնավուրը 22 հոգուց բաղկացած իր երաժշտական խմբի հետ օգոստոսի 16-ին կմասնակցի Ախալցխայում Ռաբաթ վերականգնված ամրոցի բացմանը: Լեգենդար շանսոնյեն իր նախնիների ծննդավայր Ախալցխայում առաջին անգամ հանդես կգա համերգով: