Սեպտեմբերի 9-ին Գյումրու քաղաքապետի ընտրությունները ոչ մի ազդեցություն չեն ունենա 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Մեկնաբանելով Գյումրիում «Բարգավաճ Հայաստանի» հաղթանակը մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանի սպասվող հաղթանակը, Հարությունյանը նշել է. «Ասենք նույնիսկ նախագահական ընտրություններում Գյումրիում ՀՀԿ-ն կպարտվի: Բայց դրանից աշխարհը չի կործանվի»:
Միաժամանակ պատգամավորը նշել է, որ համոզված է` նախագահական ընտրությունների ժամանակ գործող նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կհաղթի Գյումրիում: «Ժամանակը ցույց կտա»,- հավելել է նա:
Ինչ վերաբերվում է Գյումրու ներկա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործունեության գնահատականին, ապա Հարությունյանը զերծ է մնացել դրանից, հայտարարելով, որ դա պետք է անեն գյումրեցիները: Նա միայն նշել է, որ Ղուկասյանը «սպառել է իր բոլոր ռեսուրսները»:






