AM
22 Օգոստոս 2012 - 09:03 AMT

Սերգեյ Շաքարյանց. Ազնավուրը չպետք է համերգ տար Ախալցխայում

Շառլ Ազնավուրը չպետք է համերգ տար Ախալցխայում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Բնական էր, որ հայությունը բացասաբար է ընդունելու այդ փաստը: Ազնավուրը շատ լավ գիտեր, որ Ախալցխայում և այլ վրացական քաղաքներում կան հայ քաղբանտարկյալներ, որոնց անարդարացիորեն են ազատազրկված: Նա պարտավոր էր տեղյակ լինել ջավախահայության վրա գործադրվող ճնշումների մասին` որպես Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և որպես հայ: Բայց նա Ախալցխայում հանդես եկավ համերգով որպես շանսոնյե, որպես Ֆրանսիայի քաղաքացի»,- նշեց նա:

Դրա հետ մեկտեղ Շաքարյանցը բացառեց Ազնավուրի` համերգով հետաքրքրված լինելը գումարային առումով` նշելով, որ նա կարիքավոր մարդ չէ: «Նա գործել է որպես Արևմուտքի ներկայացուցիչ, որպես շոու-բիզնեսի աստղ: Սա արևմտյան շոու-բիզնեսի աստղի հերթական համերգն էր, ոչ ավելին»,- ասաց նա: Քաղաքագետը հավելեց, որ չի կարծում, թե համերգն Ախալցխայում այդքան կարևոր էր շանսոնյեի համար այն պատճառով, որ այդտեղ է ծնվել նրա հայրը: