Երևանում հրատարակվել են Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» և «Վիպակներ և պատմվածքներ» գրքերը:
Աշխատանքները լույս են տեսել «Անտարես» հրատարակչության «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարի շրջանակում` Արմեն Հովհաննիսյանի վերախմբագրված թարգմանությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, «Անտարեսն» այդ մատենաշարը ծրագրել է 2 տարի և գործնական աշխատանքները սկսել 2012-ին: Խմբագիրը նշեց, որ 10 տարվա ընթացքում նախատեսված է հրատարակել 100 հատոր: Մատենաշարում ներառվելու են հայ և համաշխարհային գրականության այն ստեղծագործությունները, որոնց ընթերցումն իրոք պարտադիր է:
Նիկողոսյանը հաղորդեց, որ 2012թ. առաջին 6 ամսվա ընթացքում արդեն հրատարակվել է 8 գիրք, որոնց թվում` Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանն» ու «Խենթը» մեկ հատորով, Ֆիրդուսու «Շահնամեն», Ստենդալի «Կարմիրն ու սևը» և այլն:
Մինչև տարեվերջ մատենաշարի շրջանակում «Անտարեսը» հրատարակության է պատրաստում ևս երկու գիրք` Գուրգեն Մահարու «Մանկություն», «Պատանեկություն» և «Երիտասարդության սեմին» վիպակները մեկ հատորով և Վասիլի Շուկշինի պատմվածները:






