Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակի առթիվ Երևանում է Կովկասում Իսրայելի հյուպատոս Ռոն Շեխտերը:
«Այս այցն իմ հյուպատոսական գործերի հետ կապված չէ: Համայնքի 20-ամյակի առթիվ այսօր գիշերը պաշտոնական այցով Երևան կժամանի նաև Իսրայելի Ինֆորմացիայի և Սփյուռքի նախարար Յուլիյ Էդելշտեյնը և այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև երկու երգիչ և հաղորդավար»,- հաղորդեց նա այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում:
Վաղը` օգոստոսի 24-ին, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ժամը 16:30 տեղի կունենա Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառումից հետո հյուպատոսության և մշակույթի նախարարության միջև կստորագրվի համայնքի 20-ամյակին նվիրված մշակութային միջոցառումների արձանագրություն: Ծրագրված է նաև Հայաստանում հրեական համայնքի մասին պատմող գրքի շնորհանդես:
Հրեական պատվիրակության այցը կտևի մինչև օգոստոսի 26, որից հետո պաշտոնական հանդիպումների շարքը կշարունակվի Վրաստանում:






