AM
27 August 2012 - 09:14 AMT

Ադրբեջանը խնամքով թաքցնում է իր սպառազինման իրական ծավալները, իսկ ո՞ւր են նայում ԵՍԶՈւՊ տեսուչները

«Ադրբեջանն ակտիվորեն սպառազինվում է ժամանակակից ռազմական տեխնիկայով: Չնայած, որ Ադրբեջանը մշտապես իրազեկում է հանրությանը իր ձեռք բերած զենքի մասին, պաշտպանական ոլորտի մի հատվածը խնամքով թաքցվում է: Ոչ մի փորձագետ չի կարող հստակ տեղեկատվություն տալ Ադրբեջանի սպառազինության մասին»: Այդ մասին, ինչպես հայտնում է Vesti.Az, հայտնել է ԱՄՆ ճանաչված WNWI օնլայն ռադիոկայանը:

«Տառացիորեն վերջերս ռուսները հայտնել են, որ վերջին երկու տարում Ադրբեջանը 3,7 մլրդ դոլարի սպառազինության ու ռազմական տեխնիկայի պայմանագիր է կնքել: Բանակի հզորացումը կարող է դրդել Ադրբեջանին քաղաքական խնդիրներ լուծել, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության հարցը, հայտնում է WNWI ռադիոկայանը

WNWI ռադիոկայանը չի շրջանցել նաև Իրանի հարցը:

«Հնարավոր բախումն Իրանում կարող է անդրադառնալ Ադրբեջանի վրա ուղղակի կերպով: Հյուսիսային Իրանում ադրբեջանցիների քանակն ավելին է, քան բուն Ադրբեջանում, և ցանկացած լուրջ ցնցում անխուսափելիորեն կհանգեցնի փախստականների հոսքի առաջացմանն ու լոկալ ազգամիջյան բախումների Իրանի հյուսիսում: Այնպես որ, Իրանի մտահոգությունը Ադրբեջանի սպառազինման առումով միանգամայն հասկանալի է»,-նշել է ռադիոն:

Նույն կարծիքի են նաև ռուս ռազմական փորձագետները: «Ռուսաստանը հուսով է, որ իր դիվանագիտական ջանքերը թույլ կտան կանխել ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսումը: Կարևոր է նաև այն փաստը, որ Հայաստանը ՌԴ դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, և հազիվ թե Ադրբեջանը, որքան էլ որ ցանկանա վերադարձնել քսան տարի առաջ կորցրած տարածքները, ռիսկի դիմի և պատերազմ սկսի այս պայմաններում»,-ասել է «Ռուսաստանի ձայնը»:

Մնում է միայն զարմանալ, թե ուր են նայում ԵՍԶՈւՊ տեսուչները: Անկասկած, նրանց հյատնի է, որ Ադրբեջանը թաքցնում է իր սպառազինության իրական ծավալները, եթե այդ մասին հայտնի է նույնիսկ ամերիկյան ռադիոկայանին: