AM
27 August 2012 - 08:48 AMT

Սոնա Գյուլխասյանը «Մանկական Նոր ալիք» մրցույթում գրավել է 2-րդ տեղը

Սոնա Գյուլխասյանը «Մանկական Նոր ալիք» մրցույթում գրավել է երկրորդ տեղը: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Արինա Վարդանյանը, «Մանկական Նոր ալիք» մրցույթին Հայաստանից մասնակցում էր ևս մեկ կատարող` Արինա Մալխասյանը, որը զբաղեցրեց 6-րդ տեղը: «Առաջին անգամն էր, որ «Մանկական Նոր ալիք» մրցույթին Հայաստանից երկու հոգի էր մասնակցում: Մոսկվայում կայացած նախընտրական փուլում ժյուրին այդպես էլ չկարողացավ ընտրություն կատարել նրանց միջև, և որոշվեց երկուսին էլ հայտագրել»,- նշեց նա:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը հայտնեց, որ երեխաները շատ լավ ելույթ ունեցան, գործադրված ջանքերն արդարացվեցին, և շատերն էին կարծում, թե Սոնան կհաղթի: «Այնուամենայնիվ, սա Հայաստանի պատվի խնդիր էր նաև, և մենք արժանավայել ներկայացանք հանդիսատեսին»,- ասաց նա:

Սոնա Գյուլխասյանն իր հերթին պատմեց, որ մրցույթը բավական բարդ էր, և ինքն ու Արինան շատ էին աշխատել, որպեսզի լավ ներկայանային: Որպես առաջիկա անելիք` Սոնան նշեց, որ նոյեմբերի 26-ին պատրաստվում է մեկնել Գերմանիա, որտեղ անցյալ տարի մեծ մրցույթում Գրան պրի էր շահել և ստացել հատուկ իր համար գրված երգ ձայնագրելու իրավունք:

«Մանկական Նոր ալիք» երգի մրցույթը տեղի է ունեցել օգոստոսի 15-17: Մրցույթին մասնակցում էին 8-13 տարեկան 16 կատարողներ 12 երկրներից: Մրցույթում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ելիզավետա Պուրիսը, որը ստացավ Բյուրեղապակե ալիք և «Նոր ալիք 2013» միջազգային մրցույթին մասնակցելու հրավեր: Երկրորդ տեղը զբաղեցրած Սոնա Գյուլխասյանը նվեր ստացավ Բյուրեղապակե ալիք և էլեկտրոնային դաշնամուր: Երրորդ տեղը բաժին հասավ Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Պրիվիկան, որը ստացավ Բյուրեղապակե ալիք և ուղևորություն փարիզյան Դիսնեյլենդ: