Հալեպում սպասողական վիճակ է: Երեկ քաղաքի միջազգային օդակայանի շրջակայքում բուռն բախումներ են ծավալվել կանոնավոր բանակի և ընդդիմադիրների միջև: Այս մասին տեղեկանում ենք հալեպահայերի ֆեյսբուքյան էջից:
Ըստ տեղեկատվության` մարտեր են վերսկսել նաև Ջդեյդե թաղամասում, որտեղ գտնվում է նաև Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանը և Սուրբ Քառասնից մանկանց Հայ առաքելական եկեղեցին: Ըստ հալեպահայերի` բախումների հերթական թիրախն է լինելու Նոր Գյուղի ոստիկանատունը:
Նախօրեին Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում երկու ռումբ էր պայթել: Ըստ որոշ տվյալների` երկու ռումբերից մեկը պայթել էր Զվարթնոց հայ Կաթողիկե եկեղեցու հետնամասում գտնվող հայկական Ֆարահ դպրոցի մոտ, իսկ մյուսը` բնակելի շենքի, որը գտնվում է եկեղեցու դիմաց: