Բանից պարզվեց, որ ժամանակին անհամեմատ փոքր առնանդամով «Հռոմեական զինվորի» շուրջ տարածված բացասական կարծիքները տղամարդկային արժանապատվության ոտնահարման և ինքնասիրությանը «կպնելու» վերաբերյալ ոչինչ էին այն մեկնաբանությունների հանդեպ, որոնք ծալքավոր սավանին մերկ պառկած և մտազբաղ հայացքով ծխող թմբլիկ կնոջը պատկերող արձանի կանգնեցումից հետո մի քանի ժամում հեղեղեցին համացանցը: «Սա ապազգային արձան է», «Էս անճաշակության համար ուրիշ տեղ չկա՞ր», «Ինչ սիրուն մոռժ ա», «Հիմա էս արձանը քանի՞ քամակ ունի» և այլ նմանատիպ հեգնական կամ ծաղրող մեկնաբանությունների հեղինակներն ամեն կերպ փորձում էին «խեղդել» արձանի կանգնեցման կողմնակիցների հիացմունքի խոսքերն ու նամուսով տոգորված փնովանքներով արդարացնել իրենց բողոքը:
Մինչդեռ արտահայտվողների մյուս հատվածը, որը, հավանաբար, արդեն ծանոթ էր Բոտերոյի մյուս, համենայնդեպս Գաֆէսճեան քանդակների պարտեզում հանգրվանած աշխատանքներին, միայն ողջունում էր «Ծխող կնոջ» ներկայությունը մայրաքաղաքում: Ծայրահեղ դեպքում նրանք դեմ էին արտահայտվում ծխելուն, որը արձանի կոնտեքստում կարող էր ընկալվել որպես քարոզվող վատ սովորություն:
Ինչևէ, հարկ եմ համարում նշել, որ սա Բոտերոյի, թերևս, ամենահաջողված աշխատանքներից մեկն է: Այն ունի տրամադրություն, ունի բովանդակություն, արձանը, կարծես, խոսում է դիտողի հետ: Այո', Երևանում դեռևս մերկ կնոջ արձան չէր կանգնեցվել, իսկ, միգուցե, արդեն ժամանա՞կն է…
Հասարակության մի հատվածը պարփակվում է պահպանողականության, ազգայնականության, վերջերս լայն տարածում գտած «հայեցիության» թաղանթի մեջ՝ դեմ գնալով ցանկացած նորույթի, որը դուրս է իրենց աշխարհընկալումից և այն միջավայրից, որին արդեն ընտելացած են՝ առաջնորդվելով փոփոխություններ չհանդուրժող «Լավ է վատ, քան չգիտես՝ ինչպես» կարգախոսով: Մյուս հատվածն ընդառաջ է գնում նորամուծություններին, ձգտում առաջընթացի՝ համարելով, որ փոփոխությունն ավելի լավ է, քան ոչինչ:
Քաղաքի այս ու այն անկյուններում շարունակ խոսակցություններ են խմորվում ազատ մտածելակերպի, սեքսուալ հեղափոխության, սեփական կյանք և կարծիք ունենալու մասին, բայց արի ու տես, որ մի «տկլոր կնգա» արձանը սրբեց տարավ ազատամտության վերջին նշույլները:
Էլ չենք խոսում արձանի կատարման մասին. Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքներին, նրա մաներային ծանոթ ցանկացած մեկը դժվար թե իր դժգոհությունը փորձի արդարացնել կնոջ բարեմասնությունների չափազանցված համաչափություններով: Ինչևէ, արձանը կանգնեցված է, այն կամաց-կամաց ընտելանում է քանդակների պարտեզի մյուս «բնակիչներին» և հատկապես «Հռոմեական զինվորին», որի հետ արդեն հասցրեցին պսակել «Ծխող կնոջը»:






