Այսօր Լիդո կղզում կբացվի Վենետիկի 69-րդ միջազգային կինոփառատոնը: Հիմնական մրցութային ծրագրի ժյուրին գլխավորում է ամերիկյան կինոռեժիսոր Մայքլ Մանը: Փառատոնի տնօրենն այս տարի առաջին անգամ Հռոմի Կինոյի ազգային թանգարանի նախկին ղեկավար Ալբերտո Բարբերան է:
Ցուցադրությունների բացման պատիվը տրված է Միրա Նայիրի «Ակամա ֆունդամենտալիստ» հնդկական կինոժապավենին, իսկ կփակի փառատոնը Ժան-Պիեռ Ամերիի «Մարդը, որը ծիծաղում է» դրաման: Պաշտոնական մրցութային ծրագրում ընդգրկված են նաև այնպիսի ճանաչված ժամանակակից վարպետների նոր աշխատանքներ, ինչպիսիք են Բրայան դե Պալման, Տակեշի Կիտանոն, Թերենս Մալիկը:
Կինեմատոգրաֆիայի ոլորտում կենսական ձեռքբերումների համար «Ոսկե առյուծ» պատվավոր մրցանակին կարժանանա իտալացի ռեժիսոր Ֆրանչեսկո Ռոզին:
Փառատոնի ծրագրերից մեկը՝ Վենեցիա Կլասիչին (Venezia Classici) կայցելի օսկարակիր ռեժիսոր Մայքլ Չիմինոն, որը Վենետիկ կժամանի սեփական «Դրախտի դարպասները» ֆիլմի վերականգնված պատճենի պրեմիերային: Բացի այդ, օգոստոսի 30-ին Չիմինոն Persol հատուկ մրցանակին կարժանանա համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեջ ներդրած ավանդի համար:
Բացի Չիմինոյի կինոժապավենից, այս տարի կինոփառատոնի հանդիսատեսը առիթ կունենա մեծ էկրաններին դիտելու մի շարք դասականների «թարմ» տարբերակները: Դրանց թվում են Ֆրանչեսկո Ռոզիի «Մատտեիի գործերը», Կեյսուկե Կինոսիտայի «Կարմենը տուն է վերադառնում», Ռոբերտո Ռոսելինիի «Ստրոմբոլին», Պիեռ Պաոլո Պազոլինիի «Խոզանոցը», Հովարդ Հոուքսի «Ֆաննին և Ալեքսանդրը» և այլ ֆիլմեր:
Վենետիկի 69-րդ միջազգային կինոփառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 8-ը:






