Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մտադիր է կարևոր շինարարական ծրագրեր իրականացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Ինչպես հաղորդում է կաթողիկոսարանի մամլո դիվանը, աշխատանքները կկատարվեն առաջիկա երկու տարիների ընթացքում Վեհափառ Հայրապետ Արամ Ա-ի, Ազգային կենտրոնական վարչության և կաթողիկոսարանի ճարտարապետների անմիջական հսկողության ներքո:
Մասնավորապես կաթողիկոսարանը մտադիր է պատմական-հնագիտական արժեք ներկայացնող Թռչնոց բույնը վերածել Հայոց ցեղասպանության թանգարանի: Թանգարանում տեղ կգտնեն Հայոց ցեղասպանության, հատկապես որբերի և այդ շրջանի հայ ժողովրդի գաղթական զավակների կյանքին վերաբերող իրեր, նկարներ, հուշագրություններ և այլն: Թանգարանը կկազմակերպվի իտալահայ բարերարներ Տեր և տիկին Ալեքքո և Անի Բեզիկյանների որդին` Արամ Բեզիկյանը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը մտադիր է նաև հիմնանորոգել 1938թ. կառուցված Նահատակաց մատուռը: Այն վերանորոգվել է երկու անգամ` 1993-ին և 2007-ին: Վերանորոգման ծախսերը կհոգա Տեր և տիկին Ալեքքո և Անի Բեզիկյանների մյուս որդին` Զարեհ Բեզիկյանը:
Կաթողիկոսարանի ծրագրերի մեջ մտնում է նաև բարենորոգել և ընդարձակել Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին Պիքֆայայում կառուցված հայ ժողովրդի վերածնության հուշարձանի տարածքը, վերանորոգել հուշարձանը, հուշարձանին կից փակցնել Հայոց ցեղասպանության քարտեզը, կառուցել նահատակներին նվիրված խորան, դեպի հուշարձան տանող ժայռերն ու պատերը զարդարել հայոց պատմության, հայ եկեղեցուն և Մեծ Եղեռնին առնչվող խորհրդանիշներով:
Վերոնշյալ ծրագրերի իրականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են:






