AM
31 August 2012 - 09:46 AMT

Անիի Մայր տաճարի և Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքներում կընդգրկվեն հայ մասնագետներ

Թուրքիան Անի քաղաքն ընդգրկել է ՅՈՒՆՍԿՕ-ի մշակութային հուշարձանների նախնական ցուցակում, որում ընդգրկված է 35 հուշարձան:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԻԿՕՄՕՍ–Հայաստանի նախագահ` Գագիկ Գյուրջյանը` նշելով, որ վերջնական ցուցակը կհաստատվի ավելի ուշ:

Գյուրջյանը նշեց, որ Անիում այժմ վերականգնվում է 4 հայկական եկեղեցի` Ամենափրկիչ եկեղեցին, Անիի Մայր տաճարը, Աբուղամրենց եկեղեցին և արդեն վերականգնված Տիգրան Հոնենցի եկեղեցին:

Գյուրջյանը կարծում է, որ Հայաստանը պետք է փորձի օգուտ քաղել նրանից, որ Թուրքիան վերականգնում է հայկական եկեղեցիները, իսկ այդ օգուտը փորձագետը տեսնում է այն բանում, որ հայկական կողմը օգտագործի միջազգային լծակները, որպեսզի եկեղեցիները անխաթար վերականգնվեն. «Հայկական կողմը պետք է դիմի այն բոլոր միաջազգային կոնվենցիաներին, որի տակ ստորագրել է Թուրքիան և այդ լծակների միջոցով հավաստաիանա, որ ամեն ինչ արվում է միջազգային նորմերին համապատասախան»:

Գյուրջյանը նշեց, որ 2011-ին ԻԿՕՄՕՍ-ի գլխավոր ասամբլեայում ԻԿՕՄՕՍ-Հայաստանը ներկայացրել է բանաձև, ըստ որի Անիի Մայր տաճարի և Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքներում պետք է ընդգրկվեն նաև միջազգային փորձագետներ, այդ թվում հայ մասնագետներ: Որոշումն արդեն ընդունված է, իսկ խումբը ձևավորման փուլում է: