AM
4 September 2012 - 07:31 AMT

Իսրայելում Հունգարիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա կանցնի Սաֆարովի արտահանձնման դեմ

Սեպտեմբերի 4-ին Իսրայելում Հունգարիայի դեսպանատան առջև տեղի կունենա բողոքի ակցիա, ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում շնորհելու դեմ:

Ինչպես նշվում է Facebook-ի խմբերից մեկում, բոլոր ցանկացողներին ավտոբուս կտրամադրվի, որն անվճար կհասցնի դեսպանատուն:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին: