AM
7 March 2003 - 19:11 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՄՆԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽԽՎ ՂԵԿԱՎԱՐԸ

Հայաստանի իշխանությունները եւ դատական մարմինները պարտավոր են թափանցիկ եւ վստահություն ներշնչող կերպով ուշադիր ուսումնասիրել բոլոր դիմումներն ու բողոքները` երկրում նախագահական ընտրությունների ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը: Նրա կարծիքով, դա «կարեւոր նախապայման է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար` հաշվի առնելով մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները»: Իր հերթին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը նշել է, որ «խախտումների ամբողջ ծավալը եւ դրանց ազդեցության չափը դեռ պետք է որոշվեն, սակայն արդեն բացահայտ է, որ դրանք չեն կարող անհետեւանք մնալ»: Այդ հարցը մեր կողմից կբարձրացվի խորհրդարանական եւ նախարարական մակարդակով կայանալիք հանդիպումների ընթացքում, ընդգծել է նա: