Շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, այն կշարունակվի «Անհատ կատարողների օրեր» համերգաշարը, հայտնում է նախարարության կայքը:
Սեպտեմբերի 6-ին Կամերային երաժշտության ազգային թատրոնում կկայանա կիթառահար Հակոբ Քոլանյանի (Հունաստան), ջութակահար Հենրիկ Կարապետյանի (ԱՄՆ) և դաշնակահարուհի Սոնա Տալյանի (Գերմանիա) մասնակցությամբ համերգ:
Հակոբ Քոլանյանը միջազգային ճանաչում վայելող կիթառահար է: Սովորել է Հունաստանի Ազգային կոնսերվատորիայում: 1985թ., ավարտելով Կոնսերվատորիան, կատարողական բարձր արվեստի համար Հունաստանում և ամբողջ աշխարհում արժանացել է հատուկ մրցանակների:
1989թ. լույս է տեսել նրա` հայկական մոտիվներով առաջին ձայնասկավառակը, որը Քոլանյանը ներկայացրել է ամբողջ աշխարհում:2002թ. թողարկվել է նոր սկավառակ: 2011թ. սեպտեմբերին Քոլանյանը պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության Կոմիտասի անվան շքանշանով: Նա համերգներով շրջագայել է աշխարհի շատ երկրներում և մեծ ճանաչում ու համակրանք է վայելում:
Հենրիկ Կարապետյանն իր նախնական կրթությունը ստացել է Երևանի Ալ. Սպենդիարիանի անվան երաժշտական դպրոցում` Մարգարիտա Դարբինյանի դասարանում, ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա` Սուրեն Հախնազարյանի դասարան: 2001թ. տեղափոխվել է ԱՄՆ` ուսումը շարունակելու նպատակով և Միչիգանի Համալսարանում դոկտորական աստիճան ստանալուց հետո հաստատվել Էնն Արբորում:
Որպես մենակատար և կամերային երաժիշտ` Հ.Կարապետյանը հանդես է եկել ԱՄՆ-ի բազմաթիվ բեմերում, այդ թվում` Կարնեգի հոլում, Քենեդի սենթրում և Հիլլ աուդիտորիումում: Ամերիկյան ուսումնառության տարիներին Հենրիկն ակտիվ գործունեություն է ծավալել բարոկկո ոճի և ժամանակակից երաժշտության ասպարեզներում` բազմիցս ներկայանալով Հենդելի և Հինդեմիթի` ջութակի համար գրված գործերի լիակատար ծրագրերով:
Դաշնակահար և կոմպոզիտոր Սոնա Տալյանը, առաջին անգամ համերգ տալով չորս տարեկան հասակում, գրավել է հասարակության և մամուլի ուշադրությունը: 1977թ.-ին ընդունվել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, այնուհետև 1988թ.-ին` Կոﬕտասի անվան պետական Կոնսերվատորիայի դաշնամուրային բաժին:
Այժմ Սոնա Տալյանն ապրում և ստեղծագործում է Ֆրանկֆուրտում` ելույթներ է ունենում ամբողջ աշխարհում:Նա Գերմանիայի կոմպոզիտորների ﬕության անդամ է: Դաշնամուրային ստեղծագործութունների "Raindrops" ձայնասկավառակը լույս է տեսել 2010թ.-ին:






