Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը այցելել է Երևանի պետական համալսարան, որից հետո՝ ՀՀ նախագահի նստավայր է մեկնել: Նստավայր ուղևորվելուց առաջ նա մի քանի գրառում է արել Twitter-ի իր էջում. «Հարավային Կովկասը կարող է զարգացնել իր ներուժը, սակայն դրա համար հարկավոր է, որ լուծում ստանա ղարաբաղյան խնդիրը»: «Լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում պետք է նվազեցվի, հարկավոր է աջակցել տարածաշրջանային հաշտեցմանն ու համագործակցությանը»,-գրել է Ռասմուսենը՝ հավելելով, որ «Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար: Մենք բարձր ենք գնահատում ձեր ավանդը Աֆղանստանում և Կոսովոյում մեր առաքելությունների կատարման գործում»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ևս մի քանի գրառում է կատարել.
«Մենք պետք է կոտրենք հին պատնեշները Հարավային Կովկասում և հաշտեցման նոր կամուրջներ կառուցենք»:
«Ես խորապես մտահոգված եմ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ներմամբ: Այն, ինչ նա գործել է, սարսափելի հանցագործություն է, որի համար նա չպետք է փառաբանվի»:
«Ներում շնորհելով Ռամիլ Սաֆարովին՝ Ադրբեջանը կորցրեց վստահությունը, ինչը չի նպաստում խաղաղ գործընթացին»:
«Հակամարտությունը հայ և ադրբեջանական կողմերի միջև չպետք է կրկնվի: Հարկավոր է նվազեցնել լարվածությունն ու քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն տարածաշրջանային համագործակցությանն ու հաշտեցմանը»:
«Ես շատ ուրախ եմ առաջին անգամ այցելելով Հայաստան: Շնորհակալ եմ նախագահ Սերժ Սարգսյանին դրական և կառուցողական խորհրդակցության համար»:
«ՆԱՏՕ-ն և Հայաստանը կարևոր գործընկերներ են: Մենք կարող ենք ավելի ամուր գործընկերություն ունենալ ապագայում»: