AM
6 September 2012 - 11:07 AMT

Գրիգորի Տրոֆիմչուկ. Հայաստանին ու Ադրբեջանին հաջողությամբ իրար դեմ հանեցին

Պետք չէ մտածել, թե Բուդապեշտը միամիտ է գործել: Մեկ հասարակ քայլով Եվրոպան թարմացրեց իր հանդեպ Ադրբեջանի համակրանքը, որը գտնվում է առանցքային տարածաշրջանում, միաժամանակ լարվածություն առաջացնելով Հայաստանում, սակայն, ոչ թե ողջ Եվրամիության, այլ միայն Հունգարիայի հանդեպ: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Ըստ նրա, ԱՄՆ դատապարտումն այս դեպքում դեռ ոչինչ չի նշանակում, դատարկ ձևականություն: Սաֆարովին հանձնողները առանց դժվարության կանխատեսում էին Հայաստանի արձագանքը, որն էլ անհապաղ հաջորդեց: «Հայաստանին, և Սաֆարովի արտահանձնման դեպքը դա հաստատում է, աստիճանապես դրդում են թեստային մի ռեժիմի, փորձելով ապակայունացնել առանց պատերազմի, հաշվի առնելով, Սիրիայի իրադարձությունների լույսի ներքո, նրա աշխարհագրական դիրքը: Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, բարոյաքաղաքական առումով միանգամայն կանխատեսելի երկիր է, նրա ռեֆլեքսները կարող է հաշվարկել նույնիսկ երեխան: Ուստի, Հայաստանի համար գլխավոր պաշտպանությունը կլինի անկանխատեսելի արձագանքը նրա հասցեին արվող բոլոր գործողություններին: Սակայն, դա էլ հենց ամենադժվար ռազմական խորամանկությունն է, որը գործնականաում անհնար է Հայաստանի համար:

Չգիտես ինչու ոչ ոք ուշադրություն չդարձրեց ութնամյա վաղեմության աղաղակող փաստին, որի մասին շատերն իմացան միայն այժմ, Սաֆարովին ազատ արձակելուց հետո: Սաֆարովը կացնահարեց Մարգարյանին ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթացների ժամանակ՝ ռազմական կարգապահության առումով անթերի մի կառույցում, ինչպես մեզ համոզում են վերջին 20 տարիներին: Դա նույնիսկ «դեդովշչինա» չէ, որով իրավապաշտպանները միշտ կասկածի տակ են դնում ռուսական բանակի ամրությունը: Ի՞նչ գործ ուներ այնտեղ այդ դժբախտ հայ սպան: Ահա ինչի վրա կարող էր կենտրոնանալ Երևանը՝ իր հարցերը հասցեագրելով նրանց և այլ եզրակացություններ անելով: Սակայն այսօր ամեն ինչ ինչպես միշտ է. Հայաստանին ու Ադրբեջանին հաջողությամբ իրար դեմ հանեցին և նրանք կրկին պատրաստ են միմյանց վրա հարձակվել: Հարավից եկող երկուսի համար ընդհանուր մահացու վտանգի ֆոնի վրա»,-ասել է Տրոֆիմչուկը, գրում է REX գործակալությունը: