Երևանյան 6-րդ երաժշտական միջազգային փառատոնի բացման համերգը նվիրվելու է դիրիժոր Օհան Դուրյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, որի ընթացքում կհնչեն Ալ. Հարությունյանի Տոնական նախերգանքը, Հայդնի Թավջութակի կոնցերտը (մենակատար Ալեքսանդր Չաուշյան), Բերլիոզի «Ֆանտաստիկ» սիմֆոնիան (նվիրվում է Օհան Դուրյանի հիշատակին): Համերգը կեզրափակի Հարությունյանի Շեփորի կոնցերտը (մենակատար Սերգեյ Նակարյակով):
Թոփչյանը նշեց, որ այս տարի լրանում է Դուրյանի 90-ամյակը, և Բերլիոզի «Ֆանտաստիկ» սիմֆոնիան կնվիրվի նրա հիշատակին: Մեծանուն դիրիժորը, հենց այս ստեղծագործությամբ է առաջին անգամ ներկայացել հայ հանդիսատեսի առաջ:
Փառատոնի ընթացքում կլինեն նաև երկու հատուկ նշանակության երեկոներ. սեպտեմբերի 29-ին տեղի կունենա համերգ` նվիրված Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, իսկ սեպտեմբերի 20-ին ծրագրված համերգը նվագախումբը կնվիրի ՀՀ անկախության 21-ամյակին: Կնշվի նաև ջութակահար Ռուբեն Ահարոնյանի 60-ամյակը:
Ավելի քան մեկ ամիս տևող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի 11 սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ` միջազգային բարձր վաստակ վայելող արտասահմանցի արտիստների, ինչպես նաև Ֆիլհարմոնիկի առաջատար երաժիշտների մենակատարությամբ:
Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 20-ը:






