AM
7 March 2003 - 17:16 AMT

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՐՈՇԱԿԻ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանն այսօր որոշակի անհամաձայնություն է հայտնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի գնահատականների հետ, որոնք տեղ են գտել ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի համատեղ դիտորդական առաքելության համատեղ զեկույցում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Սերժ Սարգսյանն այդ զեկույցից հատված է մեջբերել, որտեղ ասվում է, որ եվրոպական դիտորդներն իրենց այցելած ընտրտաեղամասերի 87 տոկոսում խախտումներ չեն արձանագրել: «Այսպիսով, ես եզրակացնում եմ, որ զեկույցի հիմքում դրվել են ընտրատեղամասերի այն 13 տոկոսը, որտեղ դիտորդներն արձանագրել են թերություններ», – ասել է Սերժ Սարգսյանը: Բացի այդ, ասել է նա, Կապան քաղաքում քվեարկությանը հետեւող եվրոպացի դիտորդներից մեկը հրապարակայնորեն շնորհակալություն է հայտնել տեղամասային հանձնաժողովի անդամներին` ընտրությունների լավ կազմակերպման համար: Սակայն, նշել է Սերժ Սարգսյանը, դիտորդների նախնական զեկույցում այդ տեղամասը հիշատակվում է խախտումներ արձանագրված տեղամասերի թվում: Շտաբի պետը հայտարարել է նաեւ, որ ԵԱՀԿ եւ Եվրոպական Խորհրդի դիտորդական առաքելությունը չի ներկայացրել իր նախնական զեկույցը Հայաստանի ԱԳՆ-ին եւ ԿԸՀ-ին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի սպառիչ պատասխաններ տան եվրոպական դիտորդների հարցադրումներին: Մեկնաբանելով ԱՊՀ եւ ԵԱՀԿ դիտորդների տարբեր գնահատականները, Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ԱՊՀ ներկայացուցիչները «ավելի լավ են պատկերացնում տեղական իրականությունը »: