Սեպտեմբերի 26-28-ը Երևանում Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում առաջին անգամ անցկացվելու է «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչ GMG Մեդիա գրուպի հիմնադիր տնօրեն Մարիամ Մանուկյանը:
Ցուցահանդեսում ներկայացվելու են 18 պետությունների (Իտալիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Արգենտինա և այլն) ապրանքներ: Այն ունենալու է արդյունաբերության, տնտեսական և մշակութային ուղղվածություն:
Ըստ Մանուկյանի, փառատոնի նպատակն է աջակցել Սիրիայի հայերին: Տարածքում դրվելու են արկղեր, որտեղ կարելի է հանգանակել ցանկացած գումար, որը կտրամադրվի Հայաստանում ապրող սիրիահայ ընտանիքներին: Այդ կապակցությամբ ստեղծվել է ցուցակ, ըստ որի և կլինի հանգանակության բաշխումը:
Բացի այդ, սիրիահայերին կտրամադրվի նաև ցուցահանդես- վաճառքից ստացված գումարի որոշ մասը: Սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Անի Զեյթունցյանը նշեց, որ իրենց գլխավոր խնդիրը կեցության հարցն է: Ըստ նրա, սառեցված են նրանց բանկային հաշիվները, և մարդիկ չեն կարողանում ստանալ իրենց գումարները, որպեսզի կարողանան տնօրինել, Հայաստանում տուն գնել, կամ իրականացնել իրենց գործունեությունը Հայաստանում: Սառեցված են նաև եվրոպական բանկերում նրանց հաշիվները, և այստեղից չեն կարողանում գումարներ ավելացնել այդ հաշվին, կամ հանել:
Փառատոնն իր բնույթով լինելու է էթնիկ: Պաշտոնական բացմանը ներկա կլինեն պետական այրեր, որոնց կդիմավորեն աղ ու հացով:
Նմանատիպ փառատոն Հայաստանում երբևէ չի անցկացվել: Փառատոնն ունի ճանաչողական բնույթ: Ըստ կազմակերպիչների, այն կնպաստի տարբեր երկրների ազգային մշակույթին, խոհանոցին և դրա յուրահատկություններին ծանոթանալուն: Փառատոնի ընթացքում լինելու է նաև ցուցահանդես-վաճառք, որն ընկերություններին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց արտադրանքը և վաճառելու այն:
Փակման արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին: