«Հայաստանի փոքրիկ երգիչներ» (ղեկավար Տիգրան Հեքեքյան) երգչախումբն ավարտել է իր 40-օրյա շրջագայությունը Ճապոնիայի 18 քաղաքներում:
Տիգրան Հեքեքյանի խոսքով, Ճապոնական կողմն ապահովել էր բոլոր ծախսերը` ընդհուպ մինչև ապահովագրությունը: Գումարներ չեն խնայվել երեխաների սննդի և այլ կարիքներն ապահովելու համար: Նրա խոսքով, Ճապոնիան հայկական երգչախմբի համերգի համար 1 միլիոն դոլարի ծախս է արել:
Համերգաշրջանը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 20, հայ գրատպության 500-ամյակին և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:
Հրավերն ուղարկել էր ճապոնական «Մին օն» կազմակերպությունը, որը տարեկան 1000 համերգ է կազմակերպում:
Հեքեքյանի խոսքով, Ճապոնիայի 1500-2200 տեղանոց համերգասրահներում կայացած համերգներն անցել են լեփ-լեցուն հանդիսականով, և ցնցել են բոլոր ներկաներին:
Բացի այդ, նա նշեց, որ ճապոնացիները շատ խստապահանջ հանդիսատես են, և շատ դժվար է նրանց ստիպել հուզվել կամ հոտընկայս ծափահարել, իսկ երգչախմբին դա հաջողվել է անել:
Համերգները սկսվել են 5-րդ դարի հայկական երաժշտության կատարմամբ, ավարտելով ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով:
Գեղարվեստական ղեկավարը նաև նշեց, որ ելույթներից մի քանիսը նվիրվել է Նագասակիի և Հերոսիմայի զոհերի հիշատակին: Նրանք հարգել են նաև անցած տարի Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Երգչախումբն, ընդհանուր առմամբ, Ճապոնիայում ունեցավ 16 համերգ և 6 հանդիպում: