Արմնյուզ հեռուստաընկերության ArmComedy հեռուստահաղորդումը նոր եթերաշրջան է սկսում: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց հեռուստահաղորդման հեղինակ և հաղորդավարներից Նարեկ Մարգարյանը, նոր եթերաշրջանը մեկնարկում է այս շաբաթ և կթողարկվի յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: «Նախատեսում ենք թողարկել ևս մեկ հաղորդում` «ArmComedy հյուրանոց», որտեղ կհյուրընկալենք իրական քաղաքական գործիչների և կզրուցենք նրանց հետ: Նոր եթերաշրջանում կաշխատենք ավելի շատ մարդ ներգրավել, շատ տեսանյութեր պատրաստել տաղավարից դուրս: Կունենանք մի շարք փորձագետներ Հայաստանից և Սփյուռքից, ովքեր իրենց կարծիքը կհայտնեն այս կամ այն իրադարձության վերաբերյալ»,- նշեց նա` հավելելով, որ փորձելու են ոչ ձանձրալի ներկայացնել այն ամենը, ինչ կատարվում է երկրում:
Հեռուստահաղորդման մյուս հեղինակ և հաղորդավար Սերգեյ Սարգսյանն իր հերթին ընդգծեց, որ իրենց հաղորդումը միտված է ավելի մարսելի դարձնել Հայաստանում տեղ գտնող քաղաքական իրադարձությունները: «Փորձում ենք այնպիսի հումոր մատուցել, որ նույնիսկ քաղաքական գործիչները ինչ-որ օգուտ քաղեն, հաճույք ստանան մեր թողարկումներից: Երգիծանքով փորձում ենք մարդկանց ներգրավել քաղաքական գործընթացների մեջ»,- ասաց նա:






