AM
11 Սեպտեմբեր 2012 - 08:10 AMT

Սարգիս Ասատրյան. Հայաստանին ահաբեկչությունն առայժմ չի սպառնում

Առաջիկայում Հայաստանին չի սպառնում ահաբեկչության վտանգը: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի գծով փորձագետ Սարգիս Ասատրյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որտեղ բացակայում են կրոնական կամ ազգային փոքրամասնությունները, որոնք պայքարում են անկախության համար:

Ընդ որում, Ասատրյանը նկատել է, որ գոյություն ունի լոկալ ահաբեկչությունների վտանգ, մասնավորապես, արտասահմանում հայերի սպանությունը: Ըստ նրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը նման գորոծղությունների կոչ է հանդիսանում:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի: Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: