Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի գործերի ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին արվեստասերներ, դպրոցականներ, ուսանողներ և պաշտոնատար անձիք: «Կարծում եմ նկարիչը շատ համեստ անձնավորություն է, բայց կարծում եմ այսօրվա ցուցահանդեսի չափերն ու մասշտաբները համեստությունից դուրս են»,-ողջույնի խոսքում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակերտ գյուղում: Հայրենական մեծ պատերազմում չորս տարի կռվելուց և ծանր վերքերը բուժելուց հետո վերադարձավ և ուսման անցավ սկզբում` Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա` Երևանի երաժշտական ուսումնարանում: 1947թ. հանրակացարանում մնալու հնարավորություն չունենալով նա որոշեց վերադառնալ Սիսիան:
Բարձր առաջադիմությամբ սովորելով Թերլեմեզյանի նկարչական ուսումնարանում և Երևանի գեղարվեստի ինստիտուտում, Խաչատրյանը բարձրագույն նկարչական կրթությունն ավարտեց Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, արժանանալով ռեպինյան և ստալինյան կրթաթոշակների:
Ստանալով հիմնարար կրթություն Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտում ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Բ.Իոգանսոնի ղեկավարությամբ, Զ. Խաչատրյանը փայլուն ավարտեց ակադեմիան, և պետական քննական հանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Գերասիմովը հենց նրան ընտրեց իր արվեստանոցում ևս չորս տարի կատարելագործվելու համար: Այսպես կերտվեց դասական ռեալիստ նկարիչը:
Խաչատրյանի ոգեշնչման և ստեղծագործության նյութը բնությունը և մարդկային կյանքն է` իր հաճելի ու դաժան դրսևորումներով: Լինելով Հայրենական մեծ պատերազմի չորս տարիների մասնակիցը և հազարավոր զինվորների մահվան ականատեսը, վերապրելով նրանց մայրերի անսփոփ վիշտը, նկարիչը չէր կարող անտարբեր մնալ պատերազմի մեծ զոհաբերությունների և աշխարհի մայրերի վիշտը արտացոլող հուզիչ թեմաների հանդեպ: