Ռուսահայ գործարար Մուրազ Մստոյանը, ով մշտապես բնակվում է Բելգիայում, հայտնվել է ռուս-լիտվական սկանդալի կենտրոնում` կապված Լիտվայի Snoras բանկի հետ, որը սնանկացել է 2011-ին:
Ինչպես հայտնել են սեպտեմբերի 12-ին Կալինինգրադի շրջանի հարցերով Ռուսաստանի դատական կատարածուների դաշնային ծառայության վարչությունում, դատարանի որոշմամբ Չերնյախովսկոե քաղաքում կալանք է դրվել «Քոչար» հյուրանոցի վրա, որը պատկանում է գործարար Մստոյանին, հաղորդում է NewsBalt-ը:
Հյուրանոցի վրա կալանք է դրվել «Բանկ ՍՆՈՐԱՍ» ԲԸ-ի օգտին Մստոյանի կողմից 91 մլն ռուբլի վարկը չվճարելու համար:
Նա դրամական միջոցները չի վերադարձրել պահանջատիրոջը, և օրերս դատական կատարածուների կողմից կալանք է դրվել անշարժ գույքի վրա` «Քոչար հյուրանոցի», որի արժեքը կազմել է 288 մլն ռուբլի:Առաջիկայում կալանքի տակ գտնվող գույքը կդրվի աճուրդի և կիրացվի ռուսական օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Մուրազ Մստոյանը Ռուսաստանում հայտնի է որպես գործարար, որը ներդրումներ է կատարում մսամթերքի արտադրության մեջ:
Այսօր նա հաղորդել է «Նոր Կալինինգրադ» կայքին, որ երբ հյուրանոց է կառուցել, բանկից վերցրել է 2 մլն եվրո և ներդրել իր 3,5 մլն եվրոն: Նրա կարծիքով, առաջիկայում իր և բանկի միջև կստորագրվի պայմանանագիր 12 տարով վարկի ժամկետը երկարացնելու մասին: