AM
7 March 2003 - 13:48 AMT

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վ. Պուտինի ուղերձում ասվում է. «Ինձ իրական հաճույք է պատճառում շնորհավորել Ձեզ Հայաստանի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ եւ ցանկանալ հետագա հաջողություններ այդ բարձր պետական պաշտոնում: Ընտրություններում Ձեր կողմից ձեռք բերված հաջողությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի ժողովուրդը հաստատակամորեն նվիրված է երկրում անցկացվող ժողովրդավարական եւ շուկայական բարեփոխումների ուղուն, բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցության քաղաքականությանը: Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական մեծ ներդրումը ռուս-հայկական ավանդական բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների ընդլայնման գործում: Համոզված եմ, որ երկկողմ ռազմավարական գործընկերության խորացման մեր ընդհանուր կուրսը հետագա կառուցողական զարգացում կստանա եւ թույլ կտա էլ ավելի մերձեցնել մեր երկրների եղբայր ժողովրդներին»: Ռուսաստանը խորապես շահագրգռված է Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման, ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման մեջ, ասվում է ուղերձում: Պատրաստ ենք, ինչպես եւ նախկինում, ակտիվ աջակցություն ցույց տալ այս գործընթացի դրական առաջխաղացման գործում, վստահեցրել է ՌԴ նախագահը: