AM
14 September 2012 - 09:53 AMT

Լույս է տեսել Ֆրանկ Վեստերմանի «Արարատ» գրքի հայերեն թարգմանությունը

Սեպտեմբերի 15-ին Մատենադարանի նոր մասնաշենքի գիտական նիստերի դահլիճում տեղի կունենա հոլանդացի գրող Ֆրանկ Վեստերմանի «Արարատ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը կազմակերպվել է Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության հովանու ներքո։ Գիրքը հրատարակել է «Ալֆա պրինտ օմեգա» հրատարակչությունը ` «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում։

Վեստերմանի գրքի բովանդակության առանցքում են Արարատ լեռան, Նոյյան տապանի որոնումների մասին հեղինակի մտորումները, ուղեգրություններ, բանականության և կրոնի վերաբերյալ վերլուծություններ։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2007 թ. և արդեն թարգմանվել է մեկ տասնյակից ավելի լեզուներով։Հոլանդացի մտավորականը ոգեշնչվելով բիբլիական Արարատի կերպարով և Նոյյան տապանի որոնմամբ `եվրոպացի ընթերցողին է ներկայացնում հնամյա հայ ժողովրդին ու նրա եկեղեցին։ Վեստերմանի «Արարատի» թարգմանիչն է Վաչագան Ղռաթյանը, խմբագիրը ՝ բանասիրության դոկտոր Հենրիկ Բախչինյանը։Գրքի շնորհանդեսին կմասնակցեն հեղինակը և Հայաստանում ու Վրաստանում Նիդերլանդների դեսպան պարոն Պիտեր Լանգենբերգը, հայտնում է «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» գրասենյակի մամլո ծառայությունը: