«Իշխանությունները վերջապես խոստովանեցին, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը դառնալու է հյուրանոց: Նախօրեին նման հայտարարություն է արել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ԱԳՆ-ի համար կառուցվելու է նոր շենք արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում:
Հիշեցնենք, որ դեռեւս 2011-ի սեպտեմբերի 23-ին՝ մոտ մեկ տարի առաջ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ կառավարությունը մտադիր է 500 մլն ԱՄՆ դոլարով վաճառել ԱԳՆ-ի շենքը «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցին: Սակայն եւ կառավարությունը, եւ ԱԳՆ-ն, եւ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը տենդագին հերքում էին այդ լուրերը՝ բացառելով նման զարգացումները:
Մինչդեռ այսօր արդեն խոստովանում են՝ ԱԳՆ շենքը դառնալու է հյուրանոց: Դե իհարկե, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խայտառակ պատմությունից հետո ընդհանրապես կարելի էր փակել այդ նախարարությունը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:






